Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվում է ներկայանալ դատախազություն՝ հարցաքննության։ «Դատախազությանը խորհուրդ կտայի զբաղվել իր գործով և խուսափել նախագահի հետ քաղաքական հաշիվներ մաքրելուց»,- ճեպազրույցում հայտարարել է Զուրաբիշվիլին: Ավելի վաղ Վրաստանի դատախազությունը հետաքննություն էր սկսել ընտրակեղծիքների մասին մեղադրանքներից հետո, որի առնչությամբ էլ Զուրաբիշվիլին հրավիրվել է հարցազրույցի։               
 

«Շահույթն ու բիզնեսը կուսակցական պատկանելություն չունեն»

«Շահույթն ու բիզնեսը կուսակցական պատկանելություն չունեն»
26.08.2008 | 00:00

ՈՎՔԵՐ ԵՆ ՀԴՄ-ՆԵՐԻ ԴԵՄ
Թեև անցած շաբաթ ԱԺ-ն վավերացրեց հարկային օրենսդրության փոփոխությունների փաթեթը, այնուհանդերձ, տոնավաճառներում փոքր և միջին ձեռնարկատերերը (առևտուր իրականացնողները) շարունակում են իրենց բողոքի ակցիան ընդդեմ ՀԴՄ-ների կիրառման։ Ըստ որոշ պնդումների, այդ բողոքն ավելի շուտ քաղաքական պատվեր է։ Այլ կերպ ասած, արմատական ընդդիմությունը փորձում է վերջիններիս միջոցով խնդիրը շահարկել՝ վերածելով այն քաղաքական բողոքի։ Թե որքանով են նման պնդումներն իրատեսական, փորձեցինք ճշտել մեր զրուցակիցներից։
ՑՈԼՎԱՐԴ ԳԵՎՈՐԳՅԱՆ (Առևտրականների միության նախագահ) - Քաղաքական բոլոր նկրտումները գալիս են փողից. փող, հետո նոր՝ քաղաքականություն։ ՀԴՄ-ների կիրառման դեմ պայքարը պետք է դիտարկել այս հարթության մեջ։ Ի դեպ, ՀԴՄ-ների կիրառումը դեռ նախորդ դարի պահանջն է, որն այդպես էլ մինչ այժմ հստակ չի կիրառվում։ Իսկ դա նշանակում է, որ որոշ անձինք ուղղակի չեն ուզում գալ հարկման դաշտ, քանի որ ՀԴՄ-ներով աշխատելը կնշանակի հարկային դաշտից դուրս չլինել։ Կարծում եմ՝ այս ամենն ավելի շատ տոնավաճառների կազմակերպիչների ձեռքի գործն է, քանի որ վերջիններիս ձեռնտու չէ ամբողջությամբ հարկային դաշտում ընդգրկվել։ Թե չէ մանրածախ առևտուր իրականացնողի համար տոնավաճառում ՀԴՄ-ն խնդիր չէ։ Այս պահին բողոքի դաշտ դուրս է եկել ինչ-որ մի կին, որի հետևում, համոզված եմ, տոնավաճառի կազմակերպիչներն են, և այդ կինն ամեն կերպ փորձում է ներկայացնել, որ առևտուր իրականացնողների համար է դժվարություն ստեղծվում։ Բոլորովին էլ այդպես չէ, ուղղակի ՀԴՄ-ների, ինչպես նաև հարկային օրենքներում փոփոխություն մտցնելու մասին որոշումը միտված է խոշոր գործարարներին հարկման դաշտ բերելուն և հարկատու-հարկահավաք հարաբերությունների պարզեցմանը։ Ինչ վերաբերում է այն մտավախությանը, թե տոնավաճառների կազմակերպիչները կբարձրացնեն վարձավճարի չափերը, քանի որ իրենք են գնելու հաշվիչ դրամարկղային մեքենաները, ապա, կարծում եմ, հարցը երկու կողմերի միջև պետք է կարգավորվի։ Օրինակ, «Հրազդան» տոնավաճառի տիրոջ համար բոլորովին էլ դժվար չէ 70 դոլար վճարել 1 ՀԴՄ-ի համար, ինչը չպետք է ազդի վարձավճարի վրա, քանի որ 8 քմ տեղի վարձավճարը մի քանի անգամ գերազանցում է փաստաթղթով ներկայացված 8 հազար դրամը։ Շատ կարևոր է այն հանգամանքը, որ ՀԴՄ-ների վրա գրանցված թվերը մեկ ցանցով միացվելու են հարկային կառույցների ցանցին։ Հավատացնում եմ Ձեզ, որ եթե այսօր տնտեսական դաշտում խնդիր են դարձել տոնավաճառի կազմակերպիչներն իրենց ստվերային շրջանառություններով, ապա մի քանի տարի հետո նույն տոնավաճառում մանրածախ առևտուր իրականացնողը «մոնստր» է դառնալու մեր գլխին, և չենք իմանալու՝ ինչպես ձերբազատվել նրանից, քանի որ այսօր մեկ մուշտակը նույն մանրածախ կետերում վաճառվում է 1000 դոլարով և ավելի։ Այս առումով օրենքի պարտադիր կիրառումը խիստ անհրաժեշտ է։
ՎԱՐԴԱՆ ԱՅՎԱԶՅԱՆ (ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ) -Տնտեսությունն ու քաղաքականությունը չի կարելի տարանջատել անգամ քաղաքական տարբեր խաղերի պարագայում։ Եթե իշխանությունների ներկայացրած օրենքն ընդունելի լինի բոլորի համար, դարձյալ կգտնվի առնվազն երկու դժգոհող, և ընդդիմությունն այդ դժգոհության վրա կկառուցի իր քաղաքականությունը։ Սրա հետ մեկտեղ չեմ ժխտում, որ որոշ տոնավաճառների կազմակերպիչներին և այդտեղ առևտուր իրականացնողներին խորապես անհանգստացնում է ՀԴՄ-ների կիրառումը, քանի որ այդպիսով նրանց գործունեությունը դառնում է թափանցիկ։ Բայց կարևորն այդ խնդրի վերջնական արդյունքն է, և օրենքը բուն նպատակին ծառայեցնելու համար գործընթացը շարունակական բնույթ պետք է ունենա. պատկան կառույցները հետևողական աշխատանք պետք է կատարեն։ Թեև ընդդիմադիր քաղաքական ուժերը հնարավոր է փորձեն կրքերը թեժացնել, միևնույն է, օրենքն ընդունված է, և այն պետք է աշխատի։ Այն պարզ պատճառով, որ մեծածախ ապրանք ներկրողներն իրենց ապրանքի 70-80 տոկոսն իրացնում են տոնավաճառներում։ Իսկ ՀԴՄ-ների պարտադիր կիրառումը միտված է հենց այդ ստվերի դեմ պայքարին։ Եթե ուզում ենք առաջնորդվել քաղաքակիրթ առևտրի կանոններով, ապա ՀԴՄ-ների կիրառումն այս առումով ևս պարտադիր է։ Աշխարհում որևէ զարգացած երկիր չեք տեսնի, որտեղ թե՛ մեծածախ, թե՛ մանրածախ առևտուրն իրականացվի առանց ՀԴՄ-ների։
-Նշեցիք, որ տոնավաճառների որոշ կազմակերպիչներ կարող են և դեմ լինել այդ օրենքին, սակայն, մի տեսակ աբսուրդ չէ՞, արդյոք, որ տոնավաճառների կազմակերպիչների գերակշռող մասը ՀՀԿ անդամ է։
-Առաջին՝ շահույթն ու բիզնեսը կուսակցական պատկանելություն չունեն։ Երկրորդ՝ ՀՀԿ-ն իր դիրքորոշումը հայտնել է ԱԺ արտահերթ նստաշրջանի քվեարկության ժամանակ։ Ընդհանուր առմամբ, վստահեցնում եմ, ցանկացած քաղաքական ուժ ներկայացնող և անկուսակցական գործարարների մեջ պարկեշտ, աշխատասեր մարդիկ շատ կան։
-Կառավարությունը տոնավաճառներում հատկացվող տարածքների վարձավճարի չափի կարգավորման խնդիրը թողել է տոնավաճառի կազմակերպիչներին և առևտուր իրականացնողներին։ Ո՞րն է երաշխիքը, որ ՀԴՄ-ների դիմաց վճարելով՝ տոնավաճառի կազմակերպիչները չեն բարձրացնի վարձավճարների չափը, իսկ առևտուր իրականացնողները, իրենց հերթին, այդ գումարը չեն ծածկի ապրանքի գնի բարձրացման հաշվին, ինչը բոլորովին ձեռնտու չէ սպառողին։ Չե՞ք կարծում, որ այս հարցը բաց է մնացել։
-Չեմ կարծում։ Եթե մենք փորձենք այդ հարցն օրենսդրորեն կարգավորել, ապա նշանակում է, որ ազատական տնտեսությունից անցում ենք կատարում դեպի պլանային տնտեսություն։ Իսկ այն, որ երկու կողմերն իրենց խնդիրները կկարգավորեն, միանշանակ է, քանի որ այս դեպքում գործելու է առաջարկի և պահանջարկի մեխանիզմը։ Տոնավաճառի կազմակերպիչները չեն կարող խելքից դուրս վարձավճար սահմանել, քանի որ այն չի գործի պահանջարկի բացակայության պատճառով։ Ինչ վերաբերում է վաճառողների կողմից ապրանքների գների բարձրացմանը, ապա այդ խնդիրը գտնվում է տնտեսական մրցակցության հանձնաժողովի ուսումնասիրության ներքո, և անհրաժեշտության դեպքում հանձնաժողովը սահմանված կարգով քայլեր կձեռնարկի։
-Պատկան կառույցները հավաստիացնում են, որ հարկային օրենսդրությունում կատարված փոփոխությունները նպաստում են հատկապես փոքր և միջին ձեռնարկատիրության ոլորտում հարկային բեռի թեթևացմանը։ Այդպե՞ս է։
-Օրենսդրական փոփոխությունները հարկային բեռի թեթևացում չեն ենթադրում։ Եթե մի փոքր հետ նայենք, ապա կտեսնենք, որ պարզեցված հարկի կիրառման դեպքում ևս հարկային բեռի թեթևացում չկա. պարզեցված հարկի դեպքում ընդհանուր շրջանառության 3,5 տոկոսը հարկվում է։ Սակայն թե՛ պարզեցված, թե՛ հաստատագրված հարկերի կիրառման նպատակը հարկման մեխանիզմների և փաստաթղթաշրջանառության պարզեցումն էր։ Այս օրենսդրական փոփոխությունները ևս հարկատու-հարկահավաք հարաբերությունների և, ընդհանուր առմամբ, փաստաթղթաշրջանառության պարզեցման միտում ունեն։
Զրուցեց Ժասմեն ՎԻԼՅԱՆԸ

Դիտվել է՝ 10250

Մեկնաբանություններ